ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Ենթադրվելիք կիսաեզրափակիչների վերջին մութ հարցն էլ լուծում ստացավ

Ենթադրվելիք կիսաեզրափակիչների  վերջին մութ հարցն էլ լուծում ստացավ
06.04.2012 | 00:00

ՙԲավարիա՚ - ՙՌեալ՚, ՙՉելսի՚ - ՙԲարսելոն՚. սրանք են այն զույգերը, որոնք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կհանդիպեն միմյանց` ի հայտ բերելու այն լավագույն երկուսին, որոնց կվերապահվի մայիսի 19-ին Մյունխենում վիճարկել լիգայի լավագույն թիմի տիտղոսը

ՙԲԱՐՍԵԼՈՆԸ՚ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է,

ՄԵՍԻՆ` ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԻ ՀԵՂԻՆԱԿ

Նկատի ունենալով պատասխան խաղի գործոնը` ՙՄիլան՚-ՙԲարսելոն՚ առաջին դիմակայության կապակցությամբ ասել էինք, որ ճշմարտությունը ոչ-ոքիի մեջ չէ, ու չէինք սխալվել: Սույն հիշեցումն ամենևին էլ մեր անսխալականության համար չենք վկայակոչում: Պարզապես կատալոնյան ակումբի պարագայում շրջանառության մեջ են ակնհայտ բաներ, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել: Դրանցից մեկն արագ գոլի գործոնն է, որը նշանակում է, թե ՙԲարսելոնը՚ տվյալ խաղի առնչությամբ քանի տոկոսով է իրացման պատրաստ: Արա՞գ գրավեց մրցակցի դարպասը` նշանակում է գործնականում դիմացինի հնարավորությունները զրոյականացված են, դանդաղե՞ց, մրցակիցը ՙթպրտալու՚ տեղ ունի: Չի կարելի ասել, թե եզրափակչի արժեք ունեցող պատասխան խաղում Խոսեպ Գվարդիոլայի թիմը տարերքի մեջ էր, սակայն անգամ այդ վիճակում ցույց տվեց ՙՄիլանին՚, որ հավասարազոր մրցակիցներ չեն, և իտալական ակումբն աճելու դեռ շատ տեղ ունի իր հետ մրցակցելու համար: ՙԲարսելոնի՚ հաղթանակը կանխորոշված էր, զուտ վիճակագրության համար մնում էր միայն իմանալ, թե խաղն ինչ հաշվով կավարտվի, ու Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում էլ Մեսին իր խփած գոլերի թիվը քանիսի կհասցնի: Հագուրդ տանք ընթերցողի ծարավին. խաղն ավարտվել է 3:1 հաշվով, իսկ արգենտինացու անվան դիմաց նախկին տասներկուսի փոխարեն արդեն տասնչորս գնդակ է գրանցված: Տեղեկացնենք, որ այս երկու գնդակներից առաջինը Մեսիի հոբելյանական հիսուներորդ գոլն էր լիգայում, և նա հընթացս թարմացրեց կոնկրետ մեկ մրցաշրջանի խաղարկության ընթացքում (դարձյալ նկատի ունենք Չեմպիոնների լիգան) խփված գոլերի ռեկորդը, որը մինչ այդ պատկանում էր հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյին:

ՙՄարսելի՚ հետ պատասխան խաղում ՙԲավարիան՚ յոլա գնաց առանց հարձակման գծի բացահայտ առաջատարներ Արիեն Ռոբենի ու Մարիո Գոմեսի (բացակայում էր նաև որակազրկված Բաստիան Շվայնշտայգերը), թեև այս ՙբացը՚ թիմին բնավ չխանգարեց դարձյալ երկու գոլ ՙհեղինակելու՚` սեփական դարպասը պահելով անառիկ, ինչպես եղավ առաջին հանդիպման ժամանակ: Հանուն ճշմարտության պիտի խոստովանել, որ Մանդանդան նվազագույնը հինգ անգամ ՙՄարսելին՚ փրկեց անխուսափելի թվացող գոլերից: ՙԲավարիա՚-ՙՄարսել՚ դիմակայության առնչությամբ ես, անկեղծ ասած, արդեն վախենում եմ մեր նախորդ նյութին հղում կատարելուց, որովհետև մի տեսակ ստացվում է յուրօրինակ նոստրադամուսություն, ուստի ուզում եմ ընթերցողի ուշադրությունը շեղել բոլորովին այլ` Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչից առաջ կայացած վիճակահանության վրա։ Սակայն այստեղ էլ առանձին օրիգինալությամբ չեմ կարող փայլել, որովհետև այդ վիճակահանության կապակցությամբ իմ երկմտանքներով արդեն իսկ կիսվել եմ ընթերցողի հետ` գուցե և ենթագիտակցաբար կասկածի որոմը նրա սիրտը գցելով: Բայց այս մասին` մի փոքր հետո:

ՙՄԵԶ ՈՉՆՉԱՑՐԻՆ՚

Սա ՙԲենֆիկայի՚ մարզիչ Ժորժե Ժեզուշի հետխաղյա առաջին գնահատականներից մեկն է: Նրա կարծիքով` իր թիմը թե՜ Լիսաբոնում, թե՜ Լոնդոնում անհամեմատ ուժեղ էր ՙՉելսիից՚, պարզապես մրցավարներն իրենց չթողեցին դուրս գալ կիսաեզրափակիչ: Հիշեցնենք, որ երկու խաղում էլ ՙԲենֆիկան՚ պարտվել է, առաջինում` 0:1, երկրորդում` 1։2 հաշվով: Լիսաբոնյան ակումբի պարտությունն անառարկելի փաստ է, և սրա հետ հաշվի չնստել ոչ թե չի կարելի, այլ պարզապես անհնար է: Սակայն, մյուս կողմից էլ, ո՞ւմ պարզ չէ, թե ինչերի են ունակ մրցավարները խաղ կոտրելու, թիմի մեջքը ջարդելու առումով: Ով` ով, գոնե մենք` հայերս, այդ մասին հո լա՛վ գիտենք: Ի՞նչ անենք, նորի՞ց հիշենք Գոնսալեսին, ով, ըստ Armsport.am-ի, պատրաստվում է Հայաստան գալու և, իբր, հայերեն է սովորում, որովհետև իր կայքէջում չափազանց շատ են հայերենով արված գրությունները, որոնց իմաստն ինքն այնքան էլ չի հասկանում: Բայց այստեղ ի՞նչ չհասկանալու բան կա: Ի՞նչ է, Գոնսալեսն այնքան միամիտ է, որ կարծում է, թե Հայաստան-Իռլանդիա խաղից հետո հայերն իր ՙմոր մասին՚ առավոտից իրիկուն երգել են ՙԱպրիր, մայրիկ, ապրիր այս լայն աշխարհում՚ երգը ու քնարական տողե՞ր են ձոնել նրան: Սակայն եկեք Գոնսալեսին ու իր մայրիկին թողնենք մի կողմ ու փորձենք հասկանալ ՙԲենֆիկայի՚ նախագահ Լուիշ Ֆելիպե Վիեյրայի ՙՈչինչ, Պլատինին ՙԲենֆիկային՚ դեռ կտեսնի Չեմպիոնների լիգայում՚ վրդովմունքի տողատակը, որն իր զգայական շերտով այնքան նման է մեր ապրած զգացումներին:

Լա՛վ, ասենք թե ՈՒԵՖԱ-ի բոսերը ՙՉելսիին՚ հանեցին կիսաեզրափակիչ, բայց այստեղ հո թիկունք չունեցող ՙԲենֆիկա՚ չի՞ սպասում նրան: Այստեղ համաշխարհային ֆուտբոլի գրանդ է կանգնած, թանկագին բարեկամներ, Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը, վերջին տարիների աշխարհի հզորագույն թիմը: Հլա ասեք` ՙԲարսելո՞ն՚: Ես հո ՙԲարսելոնի՚ գովքը չե՞մ անում, որ ՙՌեալի՚ երկրպագուներն էլ ասեն, թե իր սիրած թիմին հիշելու համար նորից սազը ձեռքը վերցրեց: Կա համաշխարհային ֆուտբոլի գիտակ, անուրանալիորեն տաղանդավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո, ում կարծիքով` ՙՉելսին՚ ՙԲարսային՚ անցնելու շանս չունի. ՙՀիմա միայն մի բան է անհասկանալի` եզրափակիչում ո՞վ է խաղալու ՙԲարսելոնի՚ հետ, մե՞նք, թե՞ ՙԲավարիան՚: Ասենք, որ այս հայտարարությունը ՙՌեալի՚ գլխավորն արել է ՙԱՊՕԵԼ՚-ի հետ խաղից անմիջապես հետո, որին, ինչպես և սպասվում էր, մադրիդյան ակումբը գերազանցեց նաև պատասխան խաղում: 5:2 հաշվով հաղթանակն օրակարգից հանում է ամեն կարգի մեկնաբանության անհրաժեշտություն, հետևաբար վերադառնանք այս ենթագլխից առաջ կիսատ թողած մեր ասելիքին:

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ

ՙՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚

ՈՒրեմն, կասկածի որոմը, որն ի հայտ եկավ մեկ քառորդին նախորդած վիճակահանությունից շատ ավելի առաջ ՈՒԵՖԱ-ի նախագահի ՙանմեղ՚ այն արտահայտությունից հետո, ինչն առնչվում էր եզրափակիչում ՙՌեալ՚-ՙԲարսելոն՚ դիմակայության ցանկալիությանը: Հետագա շարադրելիքի ծալքերին ընթերցողին ավելի հասու դարձնելու համար հիշեցնենք, որ ընդամենը մի երկու տարի առաջ եղավ տաք ու պաղ գնդակներով անցկացված վիճակահանության ու այնպես արագ ծածկադմփոցիի վերածված պատմությունը: Մենք կբավարարվենք երեք հանգուցային կետերի հիշատակմամբ, իսկ եզրակացություններ անելու իրավունքն արդեն Ձերն է: Առաջին` արդյո՞ք ՈՒԵՖԱ-ի բոսերի կայուն համոզմունքի արտահայտությունը չէր ՙվիճակահանությունն՚ այնպես կազմակերպելը, որ եզրափակիչում հանդիպեն ՙԲարսելոնն՚ ու Մադրիդի ՙՌեալը՚, ու սա ակնհայտ այն պարզ տրամաբանությամբ, որ կատալոնյան ակումբին մի խաղի կտրվածքով կարելի է հաղթել, սակայն երկու հանդիպման արդյունքով` ոչ: Այստեղ, հանուն ճշմարտության, խոստովանենք, որ, որպես պահուստային տարբերակ (ընդ որում` բավական խելամտորեն), այնուամենայնիվ, ՙԲավարիային՚ եզրափակիչ դուրս գալու հնարավորություն թողնվել է, թեպետ եզրափակիչը Մյունխենում անցկացնելն արդեն իսկ խոշոր ժեստ է գերմանական ֆուտբոլին: Երկրորդ` արդյո՞ք այս տրամաբանության հետ աղերսներ չուներ մեկ քառորդ եզրափակիչում ՙՌեալին՚ կիպրական ակումբի պես թեթև նվեր ՙանելուց՚ հետո կիսաեզրափակիչում դժվար ՙԲավարիա՚ ՙպարգևելը՚ ու, որպես հակակշիռ, մեկ քառորդում դժվարին ՙՄիլանից՚ հետո կիսաեզրափակիչում ՙԲարսելոնին՚ համեմատաբար թեթև ՙՉելսի՚ ընծայաբերելը (մեր համոզմամբ` դեգերումների մեջ գտնվող անգլիական ակումբն ամենևին էլ վերելքի մեջ գտնվող ՙՄիլան՚ չէ): Ի դեպ, համարժեքությամբ նույնը (ոչ փակագծերի մեջ ասվածը) վերաբերում է նաև ՙԲավարիայի՚ մեկ քառորդի ու կիսաեզրափակչի մրցակիցներին: Երրորդ` արդյո՞ք այս տրամաբանությամբ չէր պայմանավորված, որ քառորդ եզրափակիչից Չեմպիոնների լիգային հրաժեշտ տված բոլոր թիմերն առաջին խաղն անցկացրին սեփական հարկի տակ (փակագծերում նշենք, որ գոնե ՙԱՊՕԵԼ՚-ը մարզադաշտ լցնելու խնդիր չուներ, որովհետև կիպրոսցի մարզասերը ՙՌեալի՚ ֆուտբոլիստներին սեփական աչքերով տեսնելու պատմական շանսը, այսպես, թե այնպես, բաց չէր թողնելու (հարցի ընկալման մեջ ավելի ՙշոշափելի՚ լինելու համար մի պահ երևակայեք, թե ՙԱՊՕԵԼ՚-ի փոխարեն հյուրընկալողը հայկական որևէ ֆուտբոլային ակումբ է): Հարկավ, կան չորրորդ, հինգերորդ ու այլ կետեր, սակայն բավարարվենք այսքանով` միաժամանակ խոստովանելով, որ հարկավ տխուր կլիներ, ասենք, ՙԲարսելոն՚-ՙՌեալ՚ կամ ՙԲարսելոն՚-ՙԲավարիա՚ հնարավոր եզրափակիչը մեկ ութերորդում կամ մեկ քառորդում կազմակերպելը: Մի խոսքով` հասկացանք իրար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ